«Ժամանակը հասել է և մոտեցել է Աստծու արքայությունը. ապաշխարեցե՛ք և հավատացե՛ք Ավետարանին» (Մարկ. 1.15)
Մեծ պահքի ամեն կիրակի վերարժևորման ճանապարհի հանգրվաններից է, որտեղ քրիստոնյան ժամանակի ակնթարթների մեջ մի պահ կանգ է առնում, փորձում ինքնաանդրադարձ կատարել իր հոգևոր կյանքին, այնուհետև շարունակում ճանապարհը: Ամեն կիրակին ներկայացնում է իր ուրույն խորհուրդն ու պատգամը: Անառակի կիրակին ևս յուրահատկությամբ առանձնանում է, որը բացահայտում է քրիստոնեական մոտեցումը մարդ-Աստված փոխհարաբերության վերաբերյալ: ՈՒշագրավ է, որ այն տարբերվում է բոլոր կրոնական վարդապետություններից, որտեղ Աստված շատ անգամ անհասանելի, վերացական կամ խիստ դատավոր է մարդու համար: Սակայն Հիսուս վերահաստատում է առանցքային, եզակի դրույթը, որ Արարիչը Երկնավոր Հայրն է (Հովհ. 15.12-17), և այդ հարաբերությունը հայր-որդի մակարդակի վրա է, այլ ոչ թե Տեր և ծառա, դատավոր և մեղադրյալ փոխհարաբերության մեջ: Այս առակում Հիսուս փաստում է, որ մարդն ունի ազատ կամք և արարչության մեջ իրեն տնօրինվածն օգտագործելու ազատություն ու Աստծո ստեղծած աշխարհում սեփականության իրավունք: Առակում խոսվում է, որ հայրն առանց առարկելու կատարում է իր կրտսեր որդու խնդրանքը, պահանջը. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը» (Ղուկ. 15.12), և թույլ տալիս, որ որդին իր բաժին ժառանգության հետ վարվի այնպես, ինչպես կամենում է։ «Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը» (Ղուկ. 15.13): Այնուհետև Ավետարանը նշում է, թե ինչ է պատահում մարդու հետ, ինչ հետևանքների է բախվում, երբ նա հեռանում է աստվածադիր օրենքից՝ բարոյական նորմերից, ապրում այն կյանքի օրենքներով, որոնք ինքնակենտրոն են և չեն արտահայտում աստվածային կամքի բարեհաճությունը: Ինքնակենտրոն անհատն իր շուրջը հավաքում է համախոհ մարդկանց, որոնք պատրաստ են ամեն պահի լքելու նրան, եթե չեն գործում շահադիտական նկատառումները: Այս առակի վերաբերյալ կան բազմաթիվ գեղեցիկ մեկնաբանություններ, որոնցից կարելի է առանձնացնել նաև երջանկահիշատակ Շնորհք արք. Գալուստյանի մեկնությունը: Այդ իսկ պատճառով չկրկնելու համար այդ լուսաբանումները, փորձենք անդրադառնալ մի խնդրի, որը բազմաթիվ քրիստոնյաներ միգուցե հաճախ չեն նկատում կամ աչքաթող են անում այս առակն ավելի ներանձնական տեսանկյունից դիտարկելիս: Առաջին հայացքից շատ պարզ է, որ անառակ որդին վատնում է իր ունեցվածքը: Իսկ մենք ինչպե՞ս կվարվեինք: Բազմաթիվ քրիստոնյաներ, շատ հավանական է, կպատասխանեն, թե անշուշտ, եթե իրենց վստահվեր այդ ամենը, իրենք ողջախոհ կլինեին ու նույնիսկ կկրկնապատկեին այն: Այդուամենայնիվ, հատկանշական է, որ մենք շատ անգամ չենք նկատում, թե ինչպես ենք Աստծուց պահանջում մեր հոգևոր «ունեցվածքը», պարփակվում ինքներս մեր անձի մեջ, վատնում մեր հոգևոր կարողությունը և «ունեցվածքը», հոգու զորությունն ու աստվածատուր շնորհները՝ կենտրոնանալով կյանքի առօրյա խնդիրների, հոգսերի, աշխատանքի, ծրագրեր կազմելու, անվերջ մտածումների, մարդկային խառնիճաղանջ հարաբերությունների պարզաբանման և աշխարհային այլ հարցերի շուրջ, կամա, թե ակամա այդ բոլորն առաջնային համարելով, դուրս մղելով և տեղ չթողնելով Աստծուն մեր սրտում: Արդյոք մենք նկատո՞ւմ ենք այս ամենը: Առավել ևս վատնում ենք մեր հոգու ներուժն ու կարողությունը մարմնավոր, մեղավոր երևույթների և ցանկությունների վրա, որոնք հաճելի են մեզ: Սակայն ոչինչ անհետևանք չի լինում, այնուհետև գալիս են պահեր, երբ զգում ենք, որ այլևս սպառվել ենք, հոգեպես և ֆիզիկապես տկարացել, ուժ չունենք, չենք կարողանում առաջ ընթանալ, ցանկություն և տրամադրություն չունենք գործելու, որովհետև փոշիացրել ենք մեր ուժերը շատ անգամ ժամանակավոր և անիմաստ իրողությունների վրա: Եվ սկսում են առաջանալ անլուծելի թվացող հարցադրումներ, ներանձնական ճգնաժամեր, տարակուսանք և սրտի դառնություն, քանի որ մարդու հոգին կրում է կյանքի կորուստ՝ վատնելով իր հոգեղեն զորությունը, խարխլելով ներքին հարմոնիան, հեռացած լինելով աստվածային անսպառ զորությունից: Մենք իրապես հոգևոր կերպով առօրյայի տարբեր դրվագներում ապրում ենք անառակ որդու շրջապտույտով, բայց այս առակը կարդալով հաճախ կարծում ենք, թե նյութական կարողությունը վատնելու դեպքում միայն կարող ենք նմանվել առակի հերոսին: Արդ, կարևոր է, որ կարողանանք մեր հոգևոր «ունեցվածքը»՝ ներուժը, շնորհները ճիշտ օգտագործել, լինել իմաստուն, հոգևոր խաղաղության, ներդաշնակության մեջ, որպեսզի չսպառվենք: Մշտապես առաջնորդվել աստվածային սիրո գործնականությամբ ու համբերությամբ, Աստծո կամքի համաձայն: Առակում մեծ որդու դժգոհությունը, թե երբևէ հայրն իրեն այդպես խանդավառությամբ չի գնահատել, այդտեղ Հիսուս հրաշալի կերպով ցույց է տալիս աստվածային կամքին համապատասխան ապրելու իմաստն ու նշանակությունը, այսինքն՝ Աստծո կամքով ապրել չի նշանակում կորցնել կարողությունդ, սեփականությունդ և անձդ: Առակում հստակ պատասխան է տրվում. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես և ամեն ինչ, որ իմն է, քոնն է» (Ղուկ. 16.31): Այսինքն՝ Աստծո կամքը կատարել նշանակում է ոչ թե կորցնել՝ ինչ ունես, այլ ինչը Երկնավոր Հորն է պատկանում, դա նաև պատկանում է որդուն, այսինքն՝ քեզ: Այս դեպքում հասկանում ես, որ քո ունեցվածքը թողնել Բարձրյալի կամքի տնօրինությանը նշանակում է լինել հարուստ և անսպառ ներուժով լցված անձ: Սակայն մեզ անհրաժեշտ է ամբողջապես դառնալ դեպի Երկնավոր Հայրը, այլ ոչ թե մասնակի: Մենք Ավետարանում տեսնում ենք, որ անառակ որդին ապրում է ապաշխարություն: Նա չի ասում, թե ափսոս, այս ինչ արեցի, այնուհետև շարունակում իր հին ընթացքը, կամ շարունակում ապրել հեռավոր և օտար այդ քաղաքում, այլ իր քայլերն ուղղում է դեպի հայրական տուն: Առակը մեզ մատնացույց է անում շատ կարևոր մի իրողություն՝ Աստված մեզ օտար չէ, խորթ չէ և մեղքի պատճառով պետք չէ թաքնվել Նրա ներկայությունից, մեր սիրտն ու հոգին թաքցնել Նրանից ու ներքուստ արդարանալ կատարած սխալի համար (Ծննդ 3.8): Նա, որպես Երկնավոր Հայր, հարազատ է, բարեկամ, հոգատար իր յուրաքանչյուր զավակի համար, պատրաստ օգնելու և փրկելու բոլոր փորձություններից: Բայց մեզ անհրաժեշտ է ամբողջական դարձ դեպի Հայրը: Մենք չենք կարող կյանքի հոսքին հակառակ կամ մասնակի թիավարել, շարժվել կամ լողալ: Ի վերջո սպառվելու ենք: Մեր շրջադարձը պետք է լինի ամբողջական՝ թե՛ մտքով, թե՛ սրտով, թե՛ հոգով: Մեր բանականությունը, զգացմունքն ու կամքը ամբողջապես պետք է ուղղված լինեն դեպի Արարիչը: Այդ ժամանակ մարդու վրա կիջնի աստվածային օրհնությունը, և մենք կլցվենք խաղաղությամբ, նոր լուսազարդ ներուժով ու «հարստությամբ»:
ՈՒստի պահքի այս կիրակին նաև խորհրդանշում է, որ ամբողջ ունեցվածքդ՝ թե՛ հոգևոր, թե՛ նյութական, թողնես Երկնավոր Հոր տան, օթևանի՝ Արքայության ներքո, այլ ոչ թե վերցնես և քո հետևից կարոտով ու սպասումով նայող Երկնավոր Հորից հեռանաս դեպի անորոշ խորխորատներն ու անհայտությունները: Չէ՞ որ Նա սպասում է քո վերադարձին` փոխանցելու իր ամբողջ ունեցվածքը, սպասում է որպեսզի վերադառնանք… «Եվ մինչ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան» (Ղուկ. 15.20):
Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ